Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Մոսկվայի համար նոր լուծումների ժամանակն է

Մոսկվայի համար նոր լուծումների ժամանակն է
26.03.2018 | 22:46

Հրապարակվել է ԵԱՀԿ-ի 2017-ի հաշվետվությունը, որտեղ որոշակի տեղ ունի ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի աշխատանքը Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտի առնչությամբ: Վերջերս ԵԱՀԿ Մշտական խորհրդի նիստում ևս մեկ տարով երկարացվեց Կասպրշիկի մանդատը, որի համաձայն նա ոչ միայն ներկայացնում է գործող նախագահին Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտին վերաբերող հարցերում, այլև կոչված է նպաստել կոնֆլիկտի երկարաժամկետ խաղաղ կարգավորմանը և մասնակցում է ԵԱՀԿ դիտորդական առաքելություններին, որ պարբերաբար անցկացվում են տարածաշրջանում, այդ թվում` Ադրբեջանի ու Հայաստանի պաշտոնական դեմքերի հետ: Անջեյ Կասպրշիկը եվրոպացի ամենատեղեկացված մասնագետն է Հարավային Կովկասի հարցերով, թեպետ երբեք հայտարարություններ կամ գնահատականներ չի անում իր անունից:

«Կասպրշիկի գրասենյակն ակտիվ նպաստել է ԵԱՀԿ գործող նախագահի և Մինսկի խմբի համանախագահների աշխատանքին խաղաղ գործընթացն առաջ մղելու և բռնության ցանկացած բռնկումներին անհապաղ արձագանքելու ապահովման մեջ,- ասվում է հաշվետվության մեջ:- 2017-ին Կասպրշիկը կոնֆլիկտի կողմերի համաձայնությամբ շարունակել է վստահության միջոցների ամրապնդման ճանապարհների որոնումը»: Բացի այդ` 2017-ին կողմերի աջակցությամբ անձնական ներկայացուցիչն ու նրա թիմը 24 մշտադիտարկում են անցկացրել` 6-ը հայ-ադրբեջանական սահմանին, 18-ը` շփման գծում: ԵԱՀԿ բարձրամակարդակ ծրագրման խմբի ներկայացուցիչները 4 անգամ այցելել են տարածաշրջան: Կասպրշիկը իր թիմի գործունեությունը այսպես է տեսնում. «ՈՒզում եմ ընդգծել, որ հայ և ադրբեջանական զորքերի շփման գծում անցկացված մշտադիտարկումները ուսումնասիրություն կամ խաղաղապահ գործողություն չեն, մշտադիտարկումներն ընդամենը տեղեկություն են տալիս ընդհանուր իրավիճակի մասին: Մենք կշարունակենք մշտադիտարկումները»: Այսինքն` հասկանալ իրավիճակը տեղում: Կարելի է միայն պատկերացնել, թե քանի հատոր են մշտադիտարկումների պատմության ընթացքում կազմված արձանագրությունները, որ գաղտնիության պատճառով հասանելի չեն փորձագետներին: Ինչպես` բուն բանակցային գործընթացը:


2017-ին ԵԱՀԿ գործունեությունը ղարաբաղյան ուղղությամբ կարելի է հաջողված համարել` հաջողվել է կանխել կոնֆլիկտի տարածաշրջանային պատերազմի վերածվելը, որ 2016-ին չստացվեց: ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդությամբ կոնֆլիկտի կողմերը տարբեր մակարդակներով բանակցել են: Բայց մինչև հիմա չի հաջողվում իրականացնել Վիեննայում ու Սանկտ Պետերբուրգում ձեռք բերված համաձայնությունները շփման գծում վերահսկողության համակարգերի ու միջազգային դիտորդների տեղակայման մասին, որ կապված է Կասպրշիկի գրասենյակի ընդլայնման հետ: Բաքուն շարունակում է մերժել սահմանային միջադեպերի հետաքննության մեխանիզմների ներդրման գաղափարը և չի հոգնում մեղադրել Երևանին շփման գծում լարվածությունը «սրելու» մեջ: Կասպրշիկի մանդատի ընդլայնումը Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը ինքնատիպ մեկնաբանեց, «Մենք դեմ չենք մանդատի ընդլայնմանը, բայց նախ հայկական զորքերը պետք է դուրս բերվեն Ադրբեջանի օկուպացված տարածքներից»: Այսինքն` սայլը ձիուց առաջ են դնում: Բանակցային գործընթացի առաջընթացը փաստացի արգելակված է: Բաքվից հաճախակի են լսվում կոնֆլիկտի ուժային լուծման հայտարարություններ, որ որոշակի տրամաբանություն ունեն: 2016-ի ապրիլյան պատերազմից հետո կարգավորման գործընթացում անձամբ ներգրավվեց ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, բայց երբ կոնֆլիկտի կողմերը հետ քաշվեցին ձեռքբերված պայմանավորվածություններից, նա ևս մի կողմ քաշվեց, իսկ Մինսկի խմբի համանախագահներ ԱՄՆ-ն ու Ֆրանսիան էստաֆետը չվերցրին:

Փաստորեն` ուժային շանտաժի միջոցով Ադրբեջանը նպատակ ունի վերադառնալ քաղաքականության ՙբարձրագույն լիգա»: Բայց Վաշինգտոնի ու Փարիզի համար Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտը մնում է հեռավոր աշխարհաքաղաքական ծայրամաս: ԱՄՆ նախագահի նախկին խորհրդական Պոլ Գոբլի կարծիքով` այս փուլում «արտաքին խաղացողներն ավելի շատ ձգտում են կանխել կոնֆլիկտի բռնկումը, քան կարգավորել»: Իրավիճակը հազիվ թե փոխի նույնիսկ Բաքվի հնարավոր շրջադարձը դեպի Արևմուտք կամ ավելի շատ հակվածությունը Թուրքիայի կողմը, որ Գոբլի խոսքով «արդեն Կովկասում օգտագործել է իր լիմիտը ՆԱՏՕ-ում և առաջիկայում չի վերականգնի իր դիրքը»: Իհարկե, ԵԱՀԿ-ն կշարունակի աշխատել ղարաբաղյան ուղղությամբ, գրել հաշվետվություններ կոնֆլիկտի գոտու իրավիճակի մասին և գուցե ինչ-որ նոր առաջարկություններ կանի: Բայց իրավիճակն անփոփոխ կմնա ու նույնիսկ կվատանա, եթե կոնֆլիկտի կողմերը չպահպանեն կարևոր սկզբունքները` բարենպաստ պայմանների ստեղծումը կոնֆլիկտի բացառապես խաղաղ կարգավորման, վստահության մթնոլորտի ստեղծումը բանակցային գործընթացը հեշտացնելու համար և լարումը ավելացնող հայտարարություններից ու գործողություններից խուսափելը: Խոսքը հիմնարար սկզբունքների մասին է, որ առաջարկում է ԵԱՀԿ Մինսկի խումբը:

Իսկ Մոսկվան, իբրև ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ու ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ, մտադիր չէ իր դեղատոմսերը փաթաթել Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտի լուծմանը: ՌԴ նախագահը ապրիլյան պատերազմից հետո ասաց. «Մոսկվան պատրաստ է աջակցել կոնֆլիկտի կողմերի առաջարկած ցանկացած տարբերակի»: Ավելին` Պուտինը կարծում է, որ փոխզիջումը «նախատեսում է առավելագույն հավասարակշռություն տարածքային ամբողջականության և ազգերի ինքնորոշման սկզբունքների միջև», անհրաժեշտ է «պայմանավորվածություն, որի դեպքում կողմերից ոչ մեկը չի լինի ոչ հաղթած, ոչ պարտված, զիջումները լինեն փոխադարձ, կողմերի օգուտները պարզ լինեն և Ադրբեջանի, և Հայաստանի հասարակական կարծիքի համար»: Բայց որքան գործընթացը երկարում է, այնքան ավելանում է վստահությունը, որ «սովետական» ստատուս քվոն տարածաշրջան չի վերադառնա: Իրադարձությունների զարգացումը Հարավային Կովկասում ու Մերձավոր Արևելքում կարող է Մոսկվային պարտադրել փոխել գործողությունների ռազմավարությունն ու մարտավարությունը: Եվ` բացառապես իր ազգային շահերից ելնելով: Առանց փոխզիջումների որոնման, որ ձեռնտու է միայն Ադրբեջանին ու Հայաստանին:
Ստանիսլավ ՏԱՐԱՍՈՎ, REGNUM


Հ.Գ. Եվ ո՞րն է Ռուսաստանի ազգային շահը տարածաշրջանում:
1. Արևմուտքի բացարձակ դուրսմղումը տարածաշրջանից: Հաշվի առնելով Վրաստանի հնարավոր անդամակցումը ՆԱՏՕ-ին, Վրաստանի հետ սահմանին պաշտպանական համակարգերի տեղակայումը:
2. Ադրբեջանի անդամակցումը ԵԱՏՄ-ին` տնտեսական տարածքի ընդլայնման ու ռեսուրսների օգտագործման համար:
3. Լեռնային Ղարաբաղի հարցի լուծումը` Ստեփանակերտի ենթակայությամբ Մոսկվային` ՙՈչ քեզ, ոչ էլ քեզ» սկզբունքով և այնտեղ ռուս խաղաղապահների տեղակայումը:
4. Անհրաժեշտության դեպքում իշխանափոխություն Ադրբեջանում, եթե Ալիևը դիմադրի ռուսական ծրագրերին:
5. Թուրքիայի հեռացումը ՆԱՏՕ-ից և միացումը ՀԱՊԿ անվտանգության համակարգին, հետևաբար` հայ-թուրքական սահմանի բացումը:
6. Իրանի հետ պայմանավորվածությունը Ռուսաստանի քայլերի նկատմամբ չեզոքություն պահպանելու վերաբերյալ` ինչ-որ զիջումների դիմաց:
7. Չի բացառվում սահմանների վերանայում որևէ պետության օգտին:
Մենք պատրա՞ստ ենք այս փոփոխություններին, թե՞, այնուամենայնիվ, ինքնիշխան պետություն ենք:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 2231

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ